լոքշ

[локш – локш хамать, локш хлебать] սովետական քրեական ժարգոնից հայկական բանավոր խոսք ներթափանցած և հրաշալիորեն տեղայնացած արտահայտություն: Բնագրում նշանակում է անհեթեթ ու ձանձրալի պարապուրդ, անգործություն, որի հաղթահարման համար խոչընդոտում են արտաքին անհաղթահարելի հանգամանքները:

Սակայն հայոց մեջ լոքշը հասցվել է հոգևոր ինքնասուզման հայեցակարգի մակարդակի, որում հմտացած անհատը հասնում է մեդիտատիվ տրանսին հարող մի վիճակի, երբ իրոք, անկախ արտաքին հանգամանքներից, հաջողվում է ի սպառ սպանել սեփական օգտակար և նույնիսկ անօգուտ գործողության գործակիցն  ու անգամ տեղաշարժվելու ներքին մոտիվացան հասցնել զրոյի: Բայց քանի որ որոշ կենսագործունեությունից հրաժարվել ամեն դեպքում չի հաջողվում, լոքշակեցության սկսնակ ճգնավորները ձգտում են հասնել ապրելու 99% ճշտության սիմուլյացիայի: Առօրյա կյանքում անվարժ աչքը դժվար թե կարողանա տարբերել լոքշակյացին միջին վիճակագրական հայորդուց: Նրա հոգին պարուրած էքզիստենցյալ ապատիան ոչինչ չի մատնում, բացի ժամանակ առ ժամանակ ի խորոց սրտի արտաբերվող «իշ տարբերութուն», «մեկ ա բան չի փոխվելու», «իմմաստը» կարգի արտահայտությունները:

Ասում են, որ լոքշավորության ամենաբարձր մակարդակներում պայծառության հասածներին հաջողվում է քվանտային մակարդակում հաղորդակցվել տիեզերքի հիմնարար, մշտնջենական ձանձրույթին և տարրալուծվել նրա մեջ՝ դուրս պլստալով տառապալից ռեինկառնացիաների անվերջանալի շրջապտույտից:

Share Button

քթածակ

[քիթ + ծակ] մարդու տրամաբանության, վերլուծական մտածողության, ինտուիցիայի, նախաձեռնողականության և իրավիճակին ու միջավայրին հարիր վարվեցողության բնածին կարողությունների բարդ համախումբ արտահայտող որակական չափորոշիչ: Առաջին անգամ քթածակը (որոշ հետազոտողների պնդմամբ՝ դրա բացակայությունը) նկատվել և սահմանվել է հենց Հայկական լեռնաշխարհում: Քթածակը ոչ թե հարաբերական այլ բացարձակ մեծությամբ բնորոշվող կոգնիտիվ ֆենոմեն է, այսինքն այն կամ կա, կամ ի սպառ և անհուսորեն բացակայում է:

Մարդու մտավոր կարողությունների մակարդակի գնահատման համար համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվող IQ (intelligence quotient) թեսթի փոխարեն Հայաստանում (ճիշտ է ոչ ֆորմալ կարգով) լայնորեն բոլոր ոլորտներում՝ աշխատաշուկայից մինչ անձնական հարաբերությունները կիրառվում է հենց քթածակի ոչ վերբալ թեսթավորումը: Քանի որ սույն բազմագործոն որակական չափանիշը անհնար է նկարագրել գիտականորեն, այն գնահատելու համար մտցվել է մեկ այլ զուտ հայկական աբստրակտ դեդուկցիայի գործիք՝ աչքաչափը:  

Տես նաև՝  բիթի

Share Button

սելֆիդայի

[selfie + ֆիդայի] Հայ իրականության մեջ վայ-ֆիդայիների սելֆիմանիա երևույթն առաջին անգամ ցցուն կերպով ի հայտ եկավ հայ-ադրբեջանական 2016թ. ապրիլյան պատերազմին հաջորդած շաբաթվա ընթացքում, երբ նկատվեց դեկոլտե կամուֆլյաժով աստղիկների, դեգեներալների, օլիգառլախների և այլ հանրապետականքի ցուցադրական և անխնա ներհոսք դեպի Արցախ:

Սելֆիդային ցանկացած իրադարձություն սեփական անձի հանրահռչակմանը ծառայեցնելու հմուտ վարպետ է: Ինֆորմացիոն առիթից հոտ չի գալիս՝ ասում է սելֆիդայու ճշմարտությունը, հայտնվիր ճիշտ պահին ճիշտ տեղում տեսախցիկի առջև, երևա և երևելի կլինես քանի գործում են սլաքեյեմն ու ֆեյսբուքի գովազդը:

Բառի հեղինակ՝ Հրաչ Արշակյան

Share Button

ռուսուլման

[ռուս + մուսուլման] Հայաստանի և այլ հետսովետական շարքային երկրների ոխերիմ բարեկամ տՌուսաստանում գերակա ռազմականացված իմպերիալիստական շովինիզմով ախտահարված քաղաքական տարր, որը «ռազմավարական դաշնակցություն» խոստումնալից փաթեթավորման տակ մուտք է ստանում տվյալ երկրի անվտանգության համակարգ՝ այն ներսից քայքայելու և իրեն ստորադաս դարձնելու համար:

Քանի որ առաջին, երկրորդ, երրորդ սերնդի շատ ռուսաստանահայեր շատ ավելի ռուսուլման են, քան տՌուսաստանի քաղաքական վերնախավը, ապա սրանից հետևում է, որ ռուսուլմանիան ազգային պատկանելություն չունի: Հայության մեջ այս գաղափարախոսության ջատագովների մանիֆեստը Խաչատուր Աբովյանի «Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ…» հայտնի տողերն են Վերք Հայաստանի վեպից:

Տես նաև՝ Պուտլեր, պուտիլովշիկ, սելֆիդայի

Share Button

հանրապետականք

[հանրապետական + տականք] վաղ ստալինիզմից մինչ ուշ ուլտրալիբերալիզմ՝ ցանկացած քաղաքատնտեսական ռեժիմում նախանձելի կենսունակություն ցուցաբերող միաբջիջ վարչարարական մակաբույծների դաս, որոնց հայկական լեռնաշխարհում տեղայնացած աբորիգեն տեսակը մասնագիտական գրականության մեջ կոչվում է republicanus armenicus կամ հանրապետականք հայոց: Մակաբույծների այս դասն առհասարակ առանձնանում է պետական և մերձպետական համակարգերը սնող ֆինանսատար անոթներին սերտաճելու և լուսավոր ապագայի համար ներդրվող բոլոր ջանքերը անխնա արտածծելու հատկությամբ: Քանի որ մակաբույծներն ընդհանուր առմամբ օտար մարմիններ են, ապա համաժողովրդական իմունային համակարգին մոլորության մեջ դնելու համար իհայտ է եկել republicanus armenicus pseudointellectum առավել մոդիֆիկացված տարատեսակը, որ ինտելեկտուալ գործունեության նմանակման մեծ վարպետություն է ցուցաբերում, մշակում գաղափարախոսական համակարգ, անգամ խաղում «что, где, когда» և շախմատ:   Այս տարատեսակի սելեկտիվ վերարտադրության հիմնական օջախները բուհերի ուսանողական խորհուրդներն են, այս փուլում մակաբույծի թրթուռը կոչվում է prerepublicanus saqulicum: 

Իրենց զավթած տեղերում համակարգի բարիքների հաշվին պարարտացած հանարապետականքներից շատերը զարմանալիորեն լայն ժողովրդականություն են վայելում՝ իբրև հանրապետքական սուբյեկտներ` կոռուպցիոն փոխշահավետ փոխգործակցության մեջ ներքաշելով և հանցակից դարձնելով նաև իրենցպիսին չհանդիսացող առանձնյակներին և համակարգերին: Սա արդեն լուրջ հայտ է էվոլյուցիային, որովհետև ողջ համակարգը ախտահարելու և ամեն ինչ իրենց վերարտադրությանն ի սպաս դնելու այսպիսի բարձրակարգ վարքագծի չի հասել անգամ անգերազանցելի մակաբույծ համարվող Acari արնախում տզերի ենթախումբը:

Տես նաև՝ հանրապետքարան

Share Button

պարսատիկ

[պարսիկ + ատել]  անշառ պարսատյացություն դրսևորող անձ, ազգային-պահպանողական շարժում, որի ներկայացուցչները՝ պարսատիկները չտես ու հուշտհուշտիկ այն հայերն են, ովքեր չեն թաքցնում նովրուզի տոնակատարության համար Հայաստան եկած պարսիկների հանդեպ իրենց ռասիստական անհանդուրժողականության հասնող վատ վերաբերմունքը, բայց ոչ ավելին: Պարսատյացության դրսևորումները հայոց մեջ այնքան խորը պատմական արմատներ ունեն, որ դրանք իրենց զգացնել են տալիս Երևանում իրանցի զբոսաշրջիկների հայտնվելուն պես՝ հրապարակներում ու սոցցանցերում հրահրելով մասսայական նևրուզ: Բարեբախտաբար պարսիստական դրսևորումները չեն անցնում ֆեսյբուքում պոստավարայրյան ոճի բարոյախրատական ստատուսներ գրելուց կամ էլիտար խանութներ պարսիկների մուտքը արգելելուց այնկողմ: Այս օրերին գրանցվում է նաև պարսիստ-տաքսիստների քցողականության կտրուկ աճ:

Հայաստան հանգստի այցելած իրանցիների իբրև շարքային տուրիստներ ընկալելուն հետևողականորեն խանգարում են նրանց շարքերում առկա բազմապատիկ պարսապզուկները, ում համար մեր հինավուրց և ծանԴր երկիրը սխալմամբ ասոցացվում է անսահմանափակ ալկոհոլի, հայրենական էրոտիկ ծառայությունների և եվրո-անսանձ վարքագծի հետ: Սրանք ոչ թե զբոսաշրջիկներ, այլ անբռնազբոս պատեհաշրջիկներ են, որ հետևանք, կամ անհետևանք արկածներ են փնտրում ու փաստորեն նաև գտնում մեր արևախանձ-վարդագույն մայրաքաղաքում:

Տես նաև՝ այլաբոհ, իրանախախտ, Իրանք, նովրուզաշառ, չԻրանի ծիր, պարսադուլ, պարսածոցիկ, պարսահուշտռիկ, պարսաչարչար, պարսատինք, պարսատիտիկ, նովրուզահայ, պարսավանք, պարսատիստ, պարսաֆոբիա:

Share Button

սառնամանյակ

[սառնամանիք/maniac] Հայաստանում հիմնականում մարտին եղանակների փորձնական (demo) տաքացմանը հաջորդող ջերմաստիճանի կտրուկ անկումը, որն ուղեկցվում է բերքատու ծառերի զանգվածային ցրտահարմամբ, հաղորդակցության ուղիների վատթարացմամբ, սեզոնային հիվանդությունների մասսայական տարածմամբ և այլ ուղեկից փորձանքներով: Սառնամանյակի ավագ շաբաթին ավանդաբար նախորդում է գյուղտնտնախի համահայկական փոստահարությունը էքստերիերի և ինտերիերի կանխարգելիչ ծխային պրոցեդուրաներ  անցկացնելու թեմայով և հաջորդում՝ ծիրանի գնի 500%-ով թանկացման կանխատեսումը: Ժողովրդական բանահյուսության մեջ ընդունված «պառվի ուլեր» արտահայտության ուրբանիզացված տարբերակն է:

Տես նաև՝ նամարտություն, սայթյունավտանգ

Share Button

ծաղկաջարդ

[ծաղիկ+զարդ/ջարդ] քրիստոնեական ավանդույթի մեջ՝ զատկից մեկ շաբաթ առաջ տոնվող ծաղկազարդի տոնին ընդառաջ արձանագրվող զանգավածային վանդալիզմ ուռենիների և այլ նորաբողբոջ ծառերի հանդեպ: Ժողովրդական և եկեղեցական ավանդույթի ուժով ամրագրված ծառերի  զանգվածային ճղակոտոր-ջարդը տարեցտարի ավելի է ուժգնանում՝ հարակից օրգանական ապրանքատեսականու ավելացմամբ հրահրելով իսկական սպառողական հիստերիա:

Տես նաև՝ ծառջարդար

Share Button

հեռվաշեն

[հեռու + շեն] հայկական լեռնաշխարհի անմատույց, քաղաքակրթության համար անհաս հեռուներում գտնվող հիպոթետիկ հայկական բնակավայր, ուր չեն հասնում հեռուստա և  ռադիո ալիքները, չկա ինտերնետ, գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատութունների մասին, տեղյակ չեն Արիստոտելեսի և Պլատոնի ոչ միայն հիմնական աշխատությունների, այլ նաև հավանական գոյության մասին, «հոմովս» կամ «ուտեմ քեզ» արտահայտությունները ընկալվում են ուղիղ իմաստով, աղոթքներն ու անեծքները կարողանում են հակազդել գրավիտացիոն դաշտին և այլն: Քանի որ Հեռվաշենը չի տեղայնացվել GPS համակարգի կողմից, ենթադրաբար այն վերգիտակցական կեցավայր է ու ձեզ հետ, ձեր կողքին ապրողներից շատերի հեռվաշենցի լինելը կարող եք բացահայտել նրանց և իրականության միջև առկա տարածաժամանակային խզումը մատնող տարօրինակ վարքագծից: Քվանտային մեխանիկայի՝ զուգահեռ իրականությունների գոյության հիպոթեզի ջատագովները հաճախ են հղում անում հեռվաշենի առկայությանը, իրենց տեսությունը հիմնավորելու համար:

Share Button

դիասպորտ

[դի/ձի + սպորտ] Էզոթերիկ ընտրակեղծարարության մրցաշար, որն անց է կացվում Հայաստանում ցանկացած ընտրությունների ընթացքում: Թաքնված դիասիրության տարատեսակ է: Դիասպորտի վարպետները մրցում են, թե ով ավելի շատ հանգուցյալի ներկայություն կապահովի ընտրություններին: Լայն ժողովրդականություն վայելող, բայց դեռևս պաշտոնապես չճանաչված սպորտաձև է: Ազգագրագետների կարծիքով վաղնջահայությանը բնորոշ՝ նախնիների պաշտանմունքը վերածնելու ինքնաբուխ մի շարժում է սա: Մինչ նախնիների ընտրության իրավունքի պաշտոնական հաստատումը դիասպորտի ֆեդերացիայի գործառույթները հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովն է ստանձնել:

Share Button