անտիդոդիկ

[anti + դոդիկ] կարդացվում է՝ անծիդոձիկ: Ի ծնե նրբազգաց հոգի ունեցող և քնքշաբարո արական սեռի առանձնյակների սոցիալական վարքի կամ հագուկապի միջոցների համախումբ, որոնք օգնում են վերջինիս ապացուցել իր բրուտալ առնականությունը: Օրինակ անտիդոդիկ էֆեկտ կարող է ունենալ ծխելը, մորուք պահելը (տես՝ թրաշամանուկ ) ալյա ծիծակ կամ կասծյում-շալվար հագուկապը, խոշոր եղջերավոր (տես՝ եզզ ) ամենագնաց վարելը, տեղին-անտեղի ուշունց տալը և այլն:

 

անսերժություն

[ան + սերժ/հավերժ + ություն] Իշխանական բուրգի և հարակից արոտավայրերի տեսանկյունից անսերժությունն այն պոստապոկալիպտիկ ժամանակաշրջանն է, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հետևաբար նաև վերջիններս, ամբողջությամբ կկորցնեն իրենց քաղաքատնտեսական ազդեցությունը: Ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցողների կողմից էլ ընկալվում է իբրև գերագնահատված լավատեսական մի ժամանակաշրջան, որից առաջ և հետո չի տարածվում ՍՍ-ի ֆորմալ և ոչ ֆորմալ իշխանությունը:

Կիրառության օրինակներ

  • Ու թող անՍերժություն տիրի Հայաստան աշխարհի վրա:

 

աղքատավարձ

[աղքատ + աշխատավարձ] Հայաստանի հանրապետության նվազագույն աշխատավարձը, որը, ինչպես հայտնի է, ոչ միայն չի օգնում հաղթահարել աղքատության շեմը, այլ անգամ թույլ չի տալիս հոգալ գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը:

Տես նաև՝ քյասիբահայություն

ակտիվիստիտ

[ակտիվիստ + ցիստիտ] քաղաքացիական պայքարի ակտիվիստին բնորոշ պահվածքի առհանրային իմիտացիա Ստանիսլավսկու սիստեմի լավագույն ավանդույթներով՝ սեռահասունացման կամ առավել հասուն տարիքի անձնական բնույթի հոգեբանական խնդիրների հաղթահարման, քաղաքական կամ գռանտային ռեսուրսի ձևավորման կամ ձանձրույթի հաղթահարման դրդապատճառներով: Ինքնադրսևորվելով և մասնագիտանալով քաղբանտարկյալների իրավունքներից մինչ փողոցային կենդանիների պաշտպանությունը՝ ակտիվիստիտով տառապող առանձնյակները ինքնամոռաց դոշ են ծեծում ցանկացած տեսաձայնագրող սարքի առկայության պայմաններում, իսկ առցանց ռեժիմում «հրապարակներում հանուն արդարության այրվելու պատրաստ» անձի զգացմունքայնությամբ ստատուսներ փոստում կասկածելի հաճախականությամբ: Երբեմն օգտագործվում է նաև առավել հայեցի՝ պայքարիստ տարբերակը: Տես նաև՝ պացիֆիստիտ:

ամենահամերգ

[ամենա + մենահամերգ] համերգ, որ պատմական իրադարձություն է դառնում՝ ոտքի հանելով ողջ հանրությանը կամ նրա որոշ հատվածի՝ ոգևորելով, ոտքի հանելով, մեկտեղելով և հասցնելով խմբակային կատարսիսի: Այդպիսի համերգ էր օրինակ՝ 2015թ. ապրիլի 23-ին System of a Down-ի Երևանում կայացած  «Արթնացրեք ձեր հոգիները» խորագրով աննախադեպ կարելի է ասել օրգազմիկ համերգը:

արտագաղջ

[արտագաղթ + գաղջ] ՍՍ-ի պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը նկարագրող գաղջի արդյունքում զանգվածային արտագաղթը:

Տես նաև՝ գաղջամուղջ

այլերեն

[այլ + հայերեն] հայերեն սայթաքումների բառարանի բնութագրության համար ստեղծված այլերեն բառ է: Այլերենը հանդես գալիս՝ ընդլայնիր հայերենի քո չիմացության սահմանները կարգախոսով:

աննասուն

[անասուն + անասուն] անասնության գերադրական աստիճանը: Օգտագործվում է անասնական վարք դրսևորած մարդկային առանձնյակների հանդեպ՝ նրանց հավանական ծագումնաբանությունը և տեսակային պատկանելությունը մատնանշելու համար:

Տես նաև՝ եզզ