լոքշ

[локш – локш хамать, локш хлебать] սովետական քրեական ժարգոնից հայկական բանավոր խոսք ներթափանցած և հրաշալիորեն տեղայնացած արտահայտություն: Բնագրում նշանակում է անհեթեթ ու ձանձրալի պարապուրդ, անգործություն, որի հաղթահարման համար խոչընդոտում են արտաքին անհաղթահարելի հանգամանքները:

Սակայն հայոց մեջ լոքշը հասցվել է հոգևոր ինքնասուզման հայեցակարգի մակարդակի, որում հմտացած անհատը հասնում է մեդիտատիվ տրանսին հարող մի վիճակի, երբ իրոք, անկախ արտաքին հանգամանքներից, հաջողվում է ի սպառ սպանել սեփական օգտակար և նույնիսկ անօգուտ գործողության գործակիցն  ու անգամ տեղաշարժվելու ներքին մոտիվացան հասցնել զրոյի: Բայց քանի որ որոշ կենսագործունեությունից հրաժարվել ամեն դեպքում չի հաջողվում, լոքշակեցության սկսնակ ճգնավորները ձգտում են հասնել ապրելու 99% ճշտության սիմուլյացիայի: Առօրյա կյանքում անվարժ աչքը դժվար թե կարողանա տարբերել լոքշակյացին միջին վիճակագրական հայորդուց: Նրա հոգին պարուրած էքզիստենցյալ ապատիան ոչինչ չի մատնում, բացի ժամանակ առ ժամանակ ի խորոց սրտի արտաբերվող «իշ տարբերութուն», «մեկ ա բան չի փոխվելու», «իմմաստը» կարգի արտահայտությունները:

Ասում են, որ լոքշավորության ամենաբարձր մակարդակներում պայծառության հասածներին հաջողվում է քվանտային մակարդակում հաղորդակցվել տիեզերքի հիմնարար, մշտնջենական ձանձրույթին և տարրալուծվել նրա մեջ՝ դուրս պլստալով տառապալից ռեինկառնացիաների անվերջանալի շրջապտույտից:

լրաթվական

[լրատվական + թվացյալ] թվացյալ լրատվական կայք, սոցիալական ցանցերում էջ, որ կեղծ-գրավիչ վերնագրերի, ֆոտոների ու տեսանյութերի միջոցով այցելությունների, դիտումների ու լայքերի քանակություն է գեներացնում: Լրաթվականների կողմից օգտագործվող վերնագրերը հիմնականում կառուցվում են այսպիսի մոդելային բաղադրիչներով՝ «շտապ», «սենսացիոն», «անհավատալի է, բայց..», «այն, ինչ տեղի ունեցավ հետո, պարզապես ցնցող էր…»: Քիչ թե շատ գրագետ օգտատերը պետք է կարողանա տարբերել տեղեկատվության նմանակումը տեղեկատվությունից, եթե իհարկե առհասարակ դա հնարավոր է անել ժամանակակից աշխարհում:

Տես նաև՝ լայքահավաք, լրագող, լռագրող

լայքահավաք

[լայք + հավաքել] ֆեյսբուքահայ համայնքի կողմից շահադիտական նպատակներով հղումների, նկարների կամ այլ հրապարակումների վրա լայքեր և կիսումներ ստանալու մեթոդների ամբողջություն: Օգտագործվում է հիմնականում նորաբույծ լրաթվական կայքերի, պարապ տնային տնտեսուհիների, գրավաճառների և այլքի կողմից: Եթե լայքեր կորզելու համար տնային տնտեսուհիներն օգտագործում են խղճահարության մեթոդը՝ «խնդրում եմ էլի, մեր երեխան մասնակցում է դեղին ճուտիկ մրցույթին և մեզ հինգ լայք է պակասում այս փչովի ոչխարիկը շահելու համար», ապա լրաթվականներն ավելի անմարդկային մեթոդների են ընդունակ, օրինակ՝ «շտապ, սահմանամերձ գոտում տաս զինվոր է զոհվել» վերնագրով հղումներ տարածելով, երբ բացում ես, պարզվում է, որ խոսքը Սոմալիի մասին է:

 Տես նաև՝ շտապ՝ արածել, լայքարշավ, լայքմեջ, լայքատվություն, լայքամուրհակ

Կիրառության օրինակներ՝

  • Միանում ենք ավանդական դարձող գրքային լայքահավաքին:
  • «Հայկական Ֆեյսբուքի չտեսության ամենադասական դրսևորումը` լայքահավաք»:
  • «Միացե՛ք ՖԲիսետկային, Arm View-ն երբեք լայքահավաք խնդրանքով հանդես չի գալիս։, բայց սա ուրիշ դեպք է։»