քթածակ

[քիթ + ծակ] մարդու տրամաբանության, վերլուծական մտածողության, ինտուիցիայի, նախաձեռնողականության և իրավիճակին ու միջավայրին հարիր վարվեցողության բնածին կարողությունների բարդ համախումբ արտահայտող որակական չափորոշիչ: Առաջին անգամ քթածակը (որոշ հետազոտողների պնդմամբ՝ դրա բացակայությունը) նկատվել և սահմանվել է հենց Հայկական լեռնաշխարհում: Քթածակը ոչ թե հարաբերական այլ բացարձակ մեծությամբ բնորոշվող կոգնիտիվ ֆենոմեն է, այսինքն այն կամ կա, կամ ի սպառ և անհուսորեն բացակայում է:

Մարդու մտավոր կարողությունների մակարդակի գնահատման համար համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվող IQ (intelligence quotient) թեսթի փոխարեն Հայաստանում (ճիշտ է ոչ ֆորմալ կարգով) լայնորեն բոլոր ոլորտներում՝ աշխատաշուկայից մինչ անձնական հարաբերությունները կիրառվում է հենց քթածակի ոչ վերբալ թեսթավորումը: Քանի որ սույն բազմագործոն որակական չափանիշը անհնար է նկարագրել գիտականորեն, այն գնահատելու համար մտցվել է մեկ այլ զուտ հայկական աբստրակտ դեդուկցիայի գործիք՝ աչքաչափը:  

Տես նաև՝  բիթի

քանդոն

[քանդել + condom] Քաղաքի (ենթադրաբար Երևանի) ճարտարապետական ինքնությունը ստեղծող շենքերը, շինությունները և միջավայրերը քանդող և առանց գեղագիտական սկզբունքայնության նորակառուցող անձանց և հաստատություններին «հին քաղաքի» պահպանման քաղաքացիական ակտիվիստների կողմից տրված հավաքական բնութագիր: Վիրավորական արտահայտություն է: Պատմական հետաքրքիր վկայություններ կան այն մասին, որ ժամանակին Երևանի համընդհանուր վերակառուցմանը լծված Ալեքսանդր Թամանյանին նույնպես այդպես են վերաբերվել ի՛ր ժամանակի ընդդիմախոսները: Սակայն կա մի էական տարբերություն, Թամանյանը իրացրել է պատմական հղումներ ունեցող ճարտարապետական միասնական կոնցեպտ:

Տես նաև՝ տարոնայք, քաքապետ, քաղաքապետքարան