ֆեյսբուքահայ

[facebook + հայ] ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական համայնքի՝ ֆեյսբուքահայության ներկայացուցիչ: Համայնքի ինքնորոշումն ու կայացումը հայկական երազանքի իսկական մարմնացումն է՝ այսինքն Հայկական լեռնաշխարհում աշխարհագրական տեղորոշում ունենալու պարտականությունից զերծ լինելով՝ իրավունք ունենալ համահայկական կարևորության հարցերում խառնվելու, քննադատելու, դատելու, դատափետելու, հպարտանալու կամ հուզվելու հայեցիաբար, անկախ նրանից թե Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում ես ապրում, թե Նյու-Յոքի Սենթրալ Փարքին նայող երկնաքերում: Ուտոպիստական միջին վիճակագրական ֆեյսբուքահայը առաջադեմ է, հայագիր, պահանջատեր, սթափ է մտոք, զվարթ է, կրեածիվ, քաղաքացիական պարտքի բարձր գիտակցումով, անկաշառ, ընդդիմադիր, լիբերալ, խաղաղասեր, բարձրաճաշակ: Սրա մասին կռահում ենք. երբ վերջինս հանդես է գալիս այդպիսին չհանդիսացողների դեմ առողջ քննադատության դիրքերից և ստատուսներ (հանրագրեր) գրելով իր անհամեստ ներդրումը ունենում Երկիր մոլորակի փրկության դժվարին գործում: Վերլուծաբանների կարծիքով ֆեյսբուքահայաստանն այն Հայաստանն է, որը վաղն էր գալու, եթե ֆեյսբուքը չստեղծվեր, իսկ այսպես հայրենյաց բոլոր պայծառ գլուխները ստատուս գրելով սուբլիմացնում են իրենց ինն ու յանը, իրական կյանքի համար շարունակելով մնալ ձանձրալիորեն հին ու բարի դամբուլյաններ:

Տես նաև՝ զմայլիկխառնատառ

Continue reading ֆեյսբուքահայ

Share Button

դահկանացու

[ԴԱՀԿ + մահկանացու] դահկանացուն homo sapiens-ի հակաէվոլյուցիոն դեգրադացման արագ բամզացող մետամորֆոզ է, որը ծառայողական պարտականության կամ պետական գերագահ շահի հղումով ընդունակ է բռնագրավել անգամ երեխայի զուգարանակոնք, ծերունու ատամնաշարի պրոթեզ, հոտավետ վաղ-սովետական հողաթափեր, իսկ կանխատեսվող ոչ հեռավոր ապագայում նաև արտածծել արյուն ու բռնահանել ներքին օրգաններ այն անձանցից, ովքեր պետության, մասնավոր ընկերությունների կամ անհատների նկատմամբ ֆինանսական պարտավորություններ ունեն և ի վիճակի չեն դրանք կատարել:

Share Button

ղզիկ

[kız թրք. + իկ] ‪թուրքերեն kiz – աղջիկ բառի հայկական տեղայնացումն է: Օգտագործվում է կանացի բայց ոչ տրանսգենդեր, կամ հոմոսեքսուալ սոցիալական վարքագիծ դրսևորող տղամարդկանց հակաբրուտալ պահվածքը ծաղրելու համար: Ավելի նրբաճաշակ հագնվելը, ջութակ նվագելը, խնամված մազեր և եղունգներ ունենալը, վարդագույնը՝ սևից, Տերյանին Չարենցից նախընտրելը օրինակ կարող են համարվել ղզիկության նշաններ: Ռոմանտիկ սենտիմենտը ա’լյա սրտիկով փուչիկներ ի հակադրումն «աղջի, հըլը մի հատ տապչկեքս բերի» հանդեպ ակնհայտ ղզիկություն է: Երկու սեռերի կողմից էլ հաճախ է օգտագործվում սեփական զգացմունքային թուլությունը ինքնահեգնանքով արդարացնելու համար: Օգտագործվում է նաև տղաների նորմատիվային տղայականությունը խրախուսելու և ոչ նորմատիվային պահվածքը սաստելու համար: Մասնագետները դեռևս վիճում են ղզիկ‬ եզրը թաքնված սեքսիստական դիսկրիմինացիա պարունակում է թե չէ: Եվ արդյոք պետք է պաշտպանել տղամարդկանց ղզիկ լինելու իրավունքը: Ըստ ֆեյսբուքյան և թվիթերյան հեշթեգերի վիճակագրության, այս բառն ամենաշատը կանայք են օգտագործում:

Տես նաև՝ թսիկ, ստասիկ, ինժեներ բալա

Օգտագործման օրինակներ՝

  •  Ֆեյսբուքյան խումբ «Սերը ինքը մի քիչ ղզիկ բան ա»,
  • Թվիթ՝ «էհ, շատ #ղզիկ բան ա բանաստեղծ լինելը»
  • Արդյոք քո գլամուրնի, ՂԶԻԿ, քեզնից ավելի սիրուն հագնվող ընկերը համասեռամոլից լավն է, ու ինչպես հասկանալ, որն է սահմանը ղզիկության և համասեռամոլության մեջ:
Share Button

դարդի 8

[մարտի/դարդի 8] բռնակալ, կապիտալիստ, կղերական, քյառթու, ռազմատենչ ու ծույլ տղամարդկանց իշխանությունից ազատվել ուզեցող կանանց պայքարը խորհրդանշող տոնը՝ մարտի 8-ը ժամանակի հետ հենց նույն տղամարդկանց կողմից մուտացվեց դեպի ծաղիկ-մաղիկ նվիրելու, հետո էլ այդ պարտականությունից բողոքելու, փնթփնթալու տոնի՝ դարդի ութի:

Share Button

ռուսկախոս

[русский + ռուսախոս] սովետական քաղքենի ինտելեգենցիայի ռուսամոլության վերածնունդը նոր ժամանակներում՝ սնոբիզմի ու բթամտության առավել սուր արտահայտված մուտացիաներով: Ռուսկախոս են անվանում ռուսերենի իմացությունը հայերենի հանդեպ իբրև գերազանցություն ենթադրողներին, որոնք միևնույն ժամանակ աչքի են ընկնում թե՛ ռուսերենի, թե՛ հայերենի չիմացությամբ: Օրինակ ռուսկախոսության դասականներից է «տի տոժե ռուսկայա շկօլա սկանչալսա?» արտահայտությունը:

Տես նաև՝ ռուսկախոսնայա, ռոսիյամոլ, եվրոպատուհաս

Share Button

անտիդոդիկ

[anti + դոդիկ] կարդացվում է՝ անծիդոձիկ: Ի ծնե նրբազգաց հոգի ունեցող և քնքշաբարո արական սեռի առանձնյակների սոցիալական վարքի կամ հագուկապի միջոցների համախումբ, որոնք օգնում են վերջինիս ապացուցել իր բրուտալ առնականությունը: Օրինակ անտիդոդիկ էֆեկտ կարող է ունենալ ծխելը, մորուք պահելը (տես՝ թրաշամանուկ ) ալյա ծիծակ կամ կասծյում-շալվար հագուկապը, խոշոր եղջերավոր (տես՝ եզզ ) ամենագնաց վարելը, տեղին-անտեղի ուշունց տալը և այլն:

 

Share Button

դոմփինգ

[դոմփել + dumping] քաղաքակիրթ շուկայավարության մեջ հայտնի արհեստականորեն իջեցված գնային քաղքականությամբ մրցակիցներին շուկայից դուրս մղելու գործընթացի հայեցի տեղայնացումը: Ենթադրում է մրցակիցներից ոչ միայն ագրեսիվ գնային քաղքականությամբ, այլ նաև բոլոր հնարավոր այլ միջոցներով ազատվելու միջոցների համախումբը, օրինակ հարկային և մաքսային կողմնակալ քաղաքականությունը, ոտքերը ցեմենտով լի տաշտակում ընկղմելն ու Հրազդանի կիրճից նետելը, պենոպլաստը ապակուն մրցակիցների ներկայությամբ քսելը, ի վերջո սեփական պատուհաս տղային մրցակցի աղջկա հետ ամուսնացնելը: Ավելին, դոմփինգը կիրառելի է ոչ միայն տնտեսվարող մրցակիցներին, այլ նաև քաղաքական հակառակորդների և որևէ այլ ոլորտի մրցակիցների վարկաբեկումը, ստորացումն ու գծերից գցումը նկարագրելու համար:

Տես նաև՝ համփինգ, մեդիադոմփինգ, սերժանտացում, ռոբոտացում

Share Button

եվրոպատուհաս

[եվրո + պատուհան/պատուհաս] հայտագրվող եվրոպական արժեքների, օրինակ՝ ԼԳԲՏ իրավահավասարության, խոսքի ազատության, միջազգային և միջկրոնական հանդուրժողականության և այլն, աննրբանկատ և ագրեսիվ տեղայնացումը կրոնա-ազգայնական պահպանողականությամբ աչքի ընկնող հասարակության մեջ՝ գռանտային ռեսուրս վաստակելու կամ եվրոապաստան ստանալու հեռահար նպատակով: Եվրոպատուհասներն աչքի են ըկնում հանրային կոնֆլիկտներ հրահրելու, սադրելու և նրանց մեջ ծեծվելու հակումներով:

Տես նաև՝ գռանտակեր, ռուսկախոս, ռոսիյամոլ, ակտիվիստիտ

Share Button

խրամատ

[խրել + մատ] սովորական միջնամատը դառնում է խրամատ, երբ բոլոր մատները միահամուռ բռունցքված են, իսկ միջնամատը ինքնավստահ և ցցուն պարզված է դեպի ընդդիմախոսը: Նշանակում է՝ «սիրեմ քեզ քո կամքին հակառակ և առանց քեզ հաճույք պատճառելու մտադրության»: Հայոց մեջ տարածվել է ամերիկյան պոպ մշակույթի հետ:

Share Button

դաս&հաց

[դասընթաց/& + հաց] վարպետության դաս, թրեյնինգ, սեմինար, ուսումնական որևէ այլ գործընթաց, որի ընթացքում ենթադրվում է նաև հյուրասիրություն: Հացի բաղադրիչը շատ հաճախ դաս&հացների մասնակցելու գլխավոր դրդապատճառն է:

Տես նաև՝ հացուկաց

Share Button